Երբ է ցուցվում բիոպսիան
Վահանաձև գեղձի պաթոլոգիաների տարածվածությունը տարեցտարի աճում է:
Միջազգային պրակտիկայի տվյալներով 50-անց կանանց կեսն ունի հանգույցներ, իսկ 70 տարեկանի դեպքում այդ թիվը ձգտում է 100%-ի:
Այս իրավիճակը բժիշկներից պահանջում է ոչ միայն ճշգրիտ ախտորոշում, այլև չարորակ նորագոյացությունների վաղ հայտնաբերում և վիրահատական միջամտությունների ճիշտ ցուցումներ:
Բարակ ասեղային ասպիրացիոն բիոպսիա․ հանգույցի ախտորոշման ոսկե ստանդարտ
Վահանաձև գեղձի բարակ ասեղային ասպիրացիոն (պունկցիոն) բիոպսիան վահանաձև գեղձի հետազոտման ամենաարդյունավետ մեթոդն է, որ կիրառվում է բոլոր այն դեպքերում, երբ կա հանգույց և անհրաժեշտ է որոշել հանգույցի բնույթը:
Ե՞րբ է ցուցվում բիոպսիա
Ներկայումս վահանաձև գեղձի հանգույցները դասակարգվում են ըստ ուլտրաձայնային հետազոտության տվյալների՝ ՈւՁ TIRADS դասակարգմամբ: Այս դասակարգումը ստեղծվել է, որպեսզի թույլ տա բժիշկներին գնահատել հանգույցի չարորակության վտանգը: Ելնելով TIRADS դասակարգումից և հանգույցի չափերից՝ բուժառուն ուղղորդվում է բիոպսիայի:
Բարակ ասեղային ասպիրացիոն բիոպսիան ցուցված է այն դեպքերում երբ՝
- ուլտրաձայնային հետազոտությամբ հայտնաբերվել է հանգույց, որի չափը մեծ է 1 սմ-ից
- ուլտրաձայնային հետազոտությամբ հայտնաբերվել է հանգույց, որը փոքր է 1 սմ-ից, սակայն բուժառուն ենթարկվել է ճառագայթման կամ ունի արյունակից հարազատներ, որոնց մոտ ախտորոշվել են չարորակ նորագոյացություններ
- ուլտրաձայնային հետազոտությամբ հայտնաբերվել է հանգույց, որը կասկածելի է և կարիք ունի ճշգրտման:
Մինչև 0,5 սմ չափի հանգույցներն ընդունված է համարել չարորակության ցածր վտանգ ունեցող և այսպիսի բուժառուներին պարզապես սահմանվում է ուլտրաձայնային հսկողություն: