Հանգույցի ռադիոհաճախական աբլացիայի (ՌՀԱ) ընթացքը
Տեսանյութում ներկայացված է վահանաձև գեղձի հանգույցի աբլացիայի ընթացքը։
Հանգույցի ռադիոհաճախական աբլացիան ողջ աշխարհում բավականին լայն կիրառություն ունեցող միջամտություն է։ Հայաստանում այն կիրառում ենք շուրջ 6 տարի։
ՌՀԱ-ն իրականացվում է ամբուլատոր պայմաններում։ Ողջ միջամտությունը տևում է մինչև մեկ ժամ։
Նախքան միջամտությունը հարկավոր է հեռացնել զարդերը և շարժական պրոթեզները։
Միջամտության ընթացքում բուժառուն հարմարավետ պառկած է լինում՝ գլուխը մի փոքր վերև պարզած։ Անհրաժեշտության դեպքում տրամադրվում է հանգստացնող դեղորայք։ Ազդրերին ամրացվում են պասիվ էլեկտրոդներ։
Պարանոցի մաշկը մշակվում է հականեխիչ նյութով։ Ներարկվում է տեղային անզգայացնող նյութ։
Ուլտրաձայնային հսկողության պայմաններում ՌՀԱ էլեկտրոդը ներմուծվում է անմիջապես հանգույցի մեջ։ Միացվում է աբլացիայի սարքը։ Բժիշկն էլեկտրոդը մի քանի անգամ տեղաշարժում է հանգույցի շուրջ՝ ողջ ընթացքը հսկելով ուլտրաձայնային հետազոտության միջոցով։
Միջամտության ավարտին բժիշկը ՈՒՁՀ միջոցով կհամոզվի, որ աբլացիայի արդյունքները բավարար են։ Պարանոցին կամրացվի փոքրիկ վիրակապ։
Դուք կհսկվեք կլինիկայում շուրջ մեկ ժամ, որից հետո կարող եք վերադառնալ Ձեր առօրյային։
Խորհուրդ է տրվում պարանոցին դնել սառույց՝ այտուցից խուսափելու համար։ Ցավի դեպքում կարելի է կիրառել ցավազրկող դեղորայք։ Կողմնակի ազդեցություները շատ չնչին են, հնարավոր է միջամտությունից հետո ունենալ ականջի կամ ծնոտի ցավոտություն։ Եթե նկատեք պարանոցի այտուց կամ ուժգնացող ցավ, կապ հաստատեք բժշկի հետ։
Անհրաժեշտ է այցելել կլինիկա աբլացիայից 6 և 12 ամիս անց, որպեսզի բժիշկը հետևի ապաքինման ընթացքին և գնահատի աբլացիայի արդյունքները։