logo
Հեռ`
+374 10 755 075

Ասպիրացիոն բիոպսիա. հաճախ տրվող հարցեր

Մեծ մասամբ, բիոպսիայի վերաբերյալ խոսակցությունները սխալ տեղեկացվածության հետևանք են: Այդ պատճառով կփորձենք անդրադառնալ վահանաձև գեղձի ասպիրացիոն (պունկցիոն) բիոպսիային վերաբերող հաճախ հանդիպող հարցերին:

Ցավո՞տ է արդյոք վահանաձև գեղձի բիոպսիան

Ցավի զգացողությունը ասպիրացիոն բիոպսիայի ժամանակ նույնն է, ինչ միջմկանային ներարկման դեպքում: Տարբերությունը միայն տեղակայման մեջ է: Իզուր չէ, որ հետազոտությունը կոչվում է բարակ ասեղային ասպիրացիոն բիոպսիա:

Հետազոտության ընթացքում օգտագործվում են 23-25 Գ չափի ասեղներ, որոնք ավելի բարակ են, քան միջմկանային ներարկման դեպքում կիրառվող ասեղները: Ուստի մտավախությունները մեթոդի ցավոտության հետ կապված անհիմն են: Բոլոր դեպքերում հիվանդը բժշկի հոգատար ձեռքերում ցավ չպետք է զգա:

Ասեղը միջամտության ընթացքում կարո՞ղ է արդյոք հայտնվել այլ տեղում

Որպեսզի ասեղը հայտնվի ճիշտ տեղում` հանգույցի մեջ, բիոպսիան իրականացվում է ՈւՁ հսկողությամբ: Դրանով իսկ բացառվում է ասեղի՝ այլ տեղ հայտնվելը, քանի որ բժիշկը հստակ տեսնում է ասեղի ուղղությունը:

Ասպիրացիոն բիոպսիայի իրականացումը չի՞ հանգեցնի արդյոք ուռուցքային պրոցեսի տարածման վահանաձև գեձի սահմաններից դուրս

ՈՉ, սա թյուր կարծիք է: Բազմաթիվ հետազոտություններ են կատարվել ասպիրացիոն բիոպսիային հաջորդած հանգույցի վիրահատական հեռացումից հետո, որոնք ցույց են տվել, որ ուռուցքը գեղձի սահմաններից դուրս չի աճել:

Ասում են՝ «Ձեռք մի տուր և խնդիր չես ունենա», հանգույցը չի սկսի աճել ավելի արագ

Բարակ ասեղային ասպիրացիոն բիոպսիան չի հանգեցնում հանգույցի արագ աճի: Եթե մինչ հետազոտությունը հանգույցը աճելու հակում ուներ, այն կաճի նաև բոպսիայից հետո, եթե ոչ` այն չի սկսի աճել ասպիրացիոն բիոպսիա կատարելու հետևանքով:

Ինչպե՞ս պատրաստվել բիոպսիային

Իրականում նախօրոք պատրաստվելու կարիք չկա: Միակ բանը, որը կարելի է խորհուրդ տալ բուժառուին՝ քազցած չմնալն է: Սա արյան քննություն չէ և սննդի ընդունման հետ որևէ կապ չունի: Բացի այդ, քաղցած մնալը բիոպսիայի ընթացքում գլխապտույտի կամ ընդհանուր թուլության զգացում կարող է առաջացնել, հետևաբար սնունդ ընդունել պետք է:

Որքա՞ն հաճախ է հարկավոր կրկնել բիոպսիան

Բարակ ասեղային ասպիրացիոն բիոպսիան հետազոտման մեթոդ է, ոչ թե հիվանդի հսկողություն: Եթե բիոպսիայից հետո ստացվել է սպառիչ պաստախան՝ հետազոտությունը կրկնելու անհրաժեշտություն չկա: Ասպիրացիոն բիոպսիան անհրաժեշտ է կրկնել միայն այն դեպքում, երբ առաջին հետազոտության ժամանակ հայտնաբերվել է բարորակ հանգույց, սակայն հետագայում դիտվել է հանգույցի դինամիկ աճ, կամ կասկածելի ախտանիշներ են առաջացել, օրինակ՝ ձայնի խռպոտություն, տանջող հազ, շնչարգելություն, կլման դժվարացում:

Ինձ առաջարկում են վահանաձև գեղձի բիոպսիա՝ առանց ուլտրաձայնային հսկողության. համաձայնվե՞լ, թե՞ ոչ

ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ

«Կույր բիոպսիան», այսինքն՝ բիոպսիա, որն իրականացվում է ուղղակի շոշափմամբ, արդեն վաղուց պատմություն է դարձել: ՈւՁՀ հսկողությամբ բիոպսիան և առանց դրա հետազոտությունները, կարելի է ասել, երկու տարբեր հետազոտական մեթոդներ են: ՈւՁՀ հսկողությամբ ասպիրացիոն բիոպսիայի հավաստիությունը զգալիորեն գերազանցում է «կույր» բիոպսիայի հավաստիությանը:

Բիրոպսիայի տվյալները ինֆորմատիվ չեն, արդյոք պետք է կրկնել բիոպսիան

Միանշանակ այո: Թե՛ Դուք, թե՛ Ձեր բժիշկը պետք է բարակ ասեղային ասպիրացիոն բիոպսիայից ստանաք սպառիչ պատասխան: Եթե առաջնային նմուշը բավականաչափ ինֆորմատիվ չէ, ապա պետք է կրկնել հետազոտությունը:

Հարկ է նշել, որ ոչ ինֆորմատիվ ասպիրացիոն բիոպսիան ամենևին էլ չի խոսում Ձեր բժշկի ոչ բարձր մասնագիտական հմտությունների մասին: Կրկնակի բիոպսիան հիմնականում կատարվում է արտահերթ կարգով:

Կրկնակի բիոպսիայից հետո պատասխանը կրկին ինֆորմատիվ չէ, ի՞նչ անել

Այս պարագայում կարիք կա իրավիճակի առավել ուշադիր գնահատման: Գոյություն ունեն հանգույցներ, որոնցից դժվար է ստանալ պատասխան նույնիսկ կրկնակի հետազոտության դեպքում: Եթե Դուք անվերապահորեն վստակում եք բուժհաստատությանը, որտեղ իրականցվում է հետազոտությունը՝ կրկնեք բիոպսիան ևս մեկ անգամ:

Փորձը ցույց է տալիս, որ ոչ ինֆորմատիվ հանգույցները, հաճախ, բարորակ հանգույցներ են և պետք չէ շտապել վիրահատական եղանակով ազատվել այդ հանգույցներից: