logo
Հեռ`
+374 10 755 075

Ախտորոշում և բուժում

Երբեմն, վահանաձև գեղձի հիվանդությունների ախտորոշումը դժվարանում է, քանի որ նմանատիպ ախտանիշներ առաջանում են նաև հղիության դեպքում կամ դրսևորվում են որպես ծերության նշաններ: Գոյություն ունեն ախտորոշման մի քանի մեթոդներ, որոնց միջոցով բժիշկը պարզում է՝ արդյոք բուժառուն ունի վահանաձև գեղձի հիվանդություն կամ խանգարում:

Այդ մեթոդներն են՝

Ֆիզիկալ զննումն իրականացվում է բժշկի սենյակում: Սա անցավ և հեշտ միջոց է, երբ բժիշկը ձեռքերի օգնությամբ ստուգում է բուժառուի պարանոցը՝ տեսնելու արդյոք գեղձը մեծացած է կամ առկա են գոյացություններ: Երբեմն սա բավարար է, եթե չկա հիվանդության կասկած: Իսկ կասկածի պարագայում անհրաժեշտ են հավելյալ հետազոտություններ:

Արյան քննությունն իրականացվում է օրգանիզմում հորմոնների մակարդակը գնահատելու նպատակով: Սա թույլ է տալիս ախտորոշել ֆունկցիոնալ խանգարումները և դրանց հետ առնչվող հիվանդությունները՝

Արյան մեջ հորմոնների հավասարակշռությունը ստուգելու նպատակով բժիշկը սովորաբար նշանակում է թիրոիդ խթանող հորմոնի` TSH, քննություն: Դրա ցածր մակարդակը հնարավոր է հիպերթիրեոիդիզմի նշան լինի, իսկ բարձր մակարդակը՝ հիպոթիրեոիդիզմի: Այս հորմոնի շեղման դեպքում հիվանդությունն ախտորոշելու նպատակով կպահանջվի այլ հորմոնների քննություն ևս:

Թիրոքսին հորմոնի քննությամբ ախտորոշվում է հիպերթիրեոիդիզմ, եթե դրա մակարդակը բարձր է, կամ ախտորոշվում է հիպոթիրեոիդիզմ, եթե դրա մակարդակը ցածր է: Թիրոքսինը հետազոտում են նաև բուժման ընթացքը վերահսկելու նպատակով:

Տրիյոդթիրոնինն օգնում է բժշկին հասկանալ հիպերթիրեոիդիզմը ծանրության աստիճանը: Անհրաժեշտության դեպքում բժիշկը նաև հետազոտում է հակամարմինները, կալցիտոնինը կամ թիրոգլոբուլինը:

Միայն արյան քննությամբ ախտորոշում չի իրականացվում, սակայն արյան քննությունը ախտորոշման կարևոր մասն է կազմում:

ԱԽտորոշման ընթացքում կիրառվում են նաև ճառագայթային ախտորոշման մեթոդներ, որոնցից ամենատարածվածը ուլտրաձայնային հետազոտության մեթոդն է: Սա թույլ է տալիս ստուգել վահանաձև գեղձի չափի և կառուցվածքի փոփոխությունները, ինչպես նաև հայտնաբերել գոյացությունները, օրինակ՝ հանգույցները:

Ախտորոշիչ մեթոդ է համարվում նաև բիոպսիան, երբ վահանաձև գեղձից նմուշ է վերցվում, որպեսզի բջջաբանական/հիստոլոգիական քննություն կատարվի: Ներկայիս տեխնոլոգիաները թույլ են տալիս կատարել նմուշառումը անցավ, անվտանգ և բարձր հուսալիությամբ: Այդ միջամտությունը կոչվում է բարակ ասեղային ասպիրացիոն բիոպսիա ուլտրաձայնային հսկողությամբ:

Հիշե՛ք, որ նախկինում կիրառվող կույր բիոպսիաներն այժմ արգելվում են:

 

Բուժում

Բուժման նպատակը վահանաձև գեղձի բնականոն ֆունկցիան վերականգնելն է: Այսինքն՝ բուժման մեթոդներն ուղղված են դրան, իսկ մեթոդի ընտրությունը կախված է նրանից, թե ինչ պատճառով և ինչ հիվանդություն է զարգացել:

Հիպերթիրեոիդիզմի դեպքում կիրառվում են բուժման այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են, օրինակ՝ հակաթիրեոիդային դեղորայքը, ռադիոակտիվ յոդի թերապիան, որոնք ուղղված են հորմոնների արտադրությունը ճնշելուն կամ բետա պաշարիչները, որոնք ուղղված են ախտանիշները վերացնելուն:

Կիրառվում է նաև թիրեոիդէկտոմիան, ինչը վահանաձև գեղձի վիրահատական հեռացումն է: Վիրահատության դեպքում բուժառուն ողջ կյանքի ընթացքում պետք է ընդունի հորմոն փոխարինող դեղորայք: Դրանք սինթետիկ հորմոններ են, որոնք նաև կիրառվում են, երբ բուժառուն ունի վահանաձև գեղձի թերֆունկցիա:

Վիրահատությունը լայն կիրառություն ուներ նախկինում, մինչդեռ այժմ գոյություն ունեն նվազագույն ինվազիվ այլընտրանքներ: Այդ այլընտրանքները միջամտական ռադիոլոգիայի միջամտություններն են, ինչպիսին է օրինակ աբլացիան:

Թե՛ վիրահատական, և թե՛ միջամտական ռադիոլոգիայի բուժման մեթոդներն ունեն իրենց ցուցումները և բուժման տարբերակի ընտրությունը կատարում է բժիշկը՝ կախված ախտորոշումից: