Ինչպես է իրականացվում աբլացիան
Աբլացիայի երկու մեթոդներն էլ՝ ռադիոհաճախական և միկրոալիքային աբլացիաները իրականացվում են ամբուլատոր կարգով, այսինքն՝ բուժառուն հիվանդանոցում մնալու կարիք չի ունենում և մի քանի ժամ անց դուրս է գրվում: Իսկ բուն միջամտությունը տևում է 30-40 րոպե:
Բժիշկը նախ անզգայացնում է պարանոցի տվյալ հատվածը, որպեսզի միջամտությունն անցավ լինի: Անզգայացումից հետո բժիշկը ՌՀԱ-ի ասեղային էլեկտրոդը ներմուծում է վահանաձև գեղձի հանգույցի մեջ, և դա իրականացնում է ուլտրաձայնային հետազոտության հսկողությամբ: Այսպես բժիշկը համոզվում է, որ էլեկտրոդը հանգույցի մեջ է:
Այնուհետև նա միացնում է աբլացիայի սարքը, որպեսզի էլեկտրոդի միջոցով ռադիոալիքներ կամ միկրոալիքներ փոխանցվեն թիրախային հյուսվածք: Դրա շնորհիվ հանգույցի հյուսվածքում ջերմությունը բարձրանում է: Ուլտրաձայնային հետազոտության սարքի ուղղորդմամբ բժիշկը կառավարում է էլեկտրոդի դիրքն այնպես, որ դրանով ջերմություն հաղորդվի ողջ հանգույցին:
Միջամտությունն ավարտվում է, երբ հանգույցն ամբողջությամբ ենթարկվում է աբլացիայի, այլ կերպ ասած՝ երբ հանգույցի բջիջները ջերմային ազդեցության ներքո ոչնչանում են:
Պարանոցին՝ էլեկտրոդի ներմուծման հատվածում փոքրիկ վիրակապ է դրվում: Այն հեռացնելուց հետո որևէ սպի չի մնում: Միջամտությունից մեկ ժամ անց բուժառուն դուրս է գրվում կլինիկայից:
Ի՞նչ է տեղի ունենում աբլացիայի արդյունքում
Աբլացիայի ենթարկված հանգույցը դեգեներացվում է և որպես անպետք նյութ դուրս է մղվում օրգանիզմից ժամանակի ընթացքում: Բուժառուն սովորաբար նկատում է հանգույցի չափի կրճատում միջամտությունից 2-3 շաբաթ անց:
Կախված հանգույցի չափից և բնութագրերից՝ աբլացիայից հետո երեք ամսվա ընթացքում չափը կրճատվում է 40-60% -ով, իսկ մեկ տարում՝ մինչև 90%:
Կարդացեք հաջորդիվ՝