logo
Հեռ`
+374 10 755 075

Ինչ է միջամտական ռադիոլոգիան

Տեխնոլոգիական զարգացման շնորհիվ բժշկության ոլորտը ևս համալրվում է ժամանակակից լուծումներով սարքավորումներով: Եվ դրանք ոչ միայն պարզապես սարքավորումներ են, այլ նորագույն մեթոդների մի ամբողջ համակարգ են, որոնց հիման վրա զարգացել է բժշկական նորագույն ուղղություն կամ ճյուղ՝ միջամտական (ինտերվենցիոն) ռադիոլոգիան:

Միջամտական (ինտերվենցիոն) ռադիոլոգիան բժշկության ամենաերիտասարդ ճյուղերից է, որն այնպիսի լայն հնարավորություններ ունի, որ անգամ կարելի է բաժանել ըստ բժշկական ուղղությունների՝ միջամտական սրտաբանություն, միջամտական ուռուցքաբանություն, միջամտական էնդոկրինոլոգիա, լեղուղիների միջամտական ռադիոլոգիա և այլն:

Միջամտական սրտաբանությունը վերաբերում է սրտաբանական պրոֆիլի հիվանդություններին, որոնք պահանջում են վիրահատական միջամտություն, բայց այս դեպքում այդ միջամտությունները ոչ թե ավանդական վիրաբուժական են, այլ նվազագույն ինվազիվ (ներթափանցող), քանզի իրականացվում են ոչ թե բաց կտրվածքների միջոցով, այլ անոթների միջով օրգանիզմ մուտք գործելով: Ներանոթային մուտքը հնարավոր է լինում ռադիոլոգիայի, այսինքն՝ ճառագայթային ախտորոշման սարքավորումների միջոցով, որոնցից ստացված պատկերներն ուղղորդում են բժշկին այդ միջամտությունները կատարելիս:

Բացի ներանոթային միջամտություններից՝ գոյություն ունեն նաև միջմաշկային միջամտություններ, այսինքն՝ անմիջապես մաշկի միջով օրգանիզմ մուտք գործող միջամտություն: Բայց ի տարբերություն ավանդական վիրահատության, այս դեպքում այդ մուտքն իրականացվում է շատ փոքրիկ անցքերի միջոցով, ոչ թե խոշոր կտրվածքների:

Միջամտական ուռուցքաբանությունում կիրառվում են ինչպես ներանոթային, այնպես էլ միջմաշկային միջամտությունները: Ներանոթային միջամտություններից է օրինակ էմբոլիզացիան: Դա կիրառվում է որոշակի ուռուցքների և արգանդի միոմատոզ հանգույցի բուժման նպատակով: Միջմաշկային միջամտություններից են օրինակ՝ ջերմային աբլացիաները կամ բոլորին հայտնի ախտորոշիչ բիոպսիաները:

Աբլացիան կիրառվում է ուռուցքենրի, ինչպես նաև վահանաձև գեղձի հանգույցի բուժման նպատակով:

Բիոպսիաները կիրառվում են ախտորոշումը հստակեցնելու նպատակով, որից հետո միայն կարելի է բուժման պլան կազմել: Միջմաշկային միջամտություններից են նաև տարատեսակ դրենավորումները: Նախքան միջամտական ռադիոլոգիայի զարգանալը շատ դրենավորումներ իրականացվում էին վիրահատական եղանակով, ինչը բարձրացնում էր բարդությունների վտանգը: Այժմ, անգամ բարդ տեղակայման աբսցեսների (թարախակույտ) կամ այլ բնույթի կուտակումների դեպքում ինտերվենցիոն ռադիոլոգիան թույլ է տալիս փոքրիկ կտրվածքի միջոցով իրականացնել դրենավորում: Դրենավորման, ինչպես նաև ստենտավորման և այլ միջամտություններ շատ են կիրառվում լեղուղիների և լեղային համակարգի պաթոլոգիաների բուժման համար:

Ինչ վերաբերում է միջամտական էնդոկրինոլոգիային, այստեղ կիրառվող մեթոդներն ուղղված են հիմնականում վահանաձև գեղձի հանգույցների ոչ վիրահատական բուժմանը: Բարորակ, իսկ որոշ դեպքերում նաև չարորակ հանգույցների բուժման արդյունավետ մեթոդներից է ջերմային աբլացիան: Թվարկված բոլոր միջամտությունները կոչվում են նվազագույն ինվազիվ, քանի որ դրանք իրականացվում են օրգանիզմին նվազագույն վնաս պատճառելով:

Միջամտական ռադիոլոգիայի շատ միջամտություններ կիրառվում են ինչպես վիրահատական բուժման հետ համակցված, այնպես էլ որպես վիրաբուժության այլընտրանք, քանի որ որոշ դեպքերում ամբողջովին ապահովում են վիրաբուժական նույն արդյունքները կամ ունենում են առավելություններ, իսկ երբեմն անգամ միակ ցուցումն են հանդիսանում:

Միջամտական ռադիոլոգիայի միջմաշկային միջամտություններն սկսել են կիրառվել Հայաստանում դեռևս 2013թ.-ից: Բժիշկ Արամայիս Գալումյանի ջանքերով Հայաստանում 2016թ.-ին ներդրվեց աբլացիայի մեթոդը, որն առ այսօր հաջողությամբ կիրառվում է թե՛ ուռուցքաբանական, և թե՛ էնդոկրին պրոֆիլի բուժառուների համար:

Այժմ Հայաստանում գործում է միջամտական ռադիոլոգիայի մասնագիտացված կենտրոն, որտեղ կարող եք ստանալ մասնագիտացված բուժում: Ծառայություններին ծանոթացեք այստեղ։